Ամառային ուսումնական դաշտային ճամբարների գործունեության կարգ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, 2019թ.

Ամառային ուսումնական դաշտային ճամբարները գործում են կրթահամալիրի Արատեսի դպրական կենտրոնում և Սևանի «Ժայռ» գոտում:

Ճամբարը ունի իր ղեկավարը, որ մշտապես գտնվում է ճամբարում և կազմակերպում է կրթահամալիրի կամ կրթահամալիրին օգտագործման հանձնված գույքի, տեխնիկայի անվտանգ օգտագործումն ու պահպանությունը, ճամբարի ջոկատների ընդունումը, տեղավորումը, կենցաղային պայմանների ապահովումը, ճանապարհումը:

Ջոկատը ճամբար մեկնում է սահմանված ձևի հայտ լրացնելուց հետո՝ կրթահամալիրի տնօրենի հրամանով: Հայտում նշվում են ջոկատի.

  • ղեկավարի, բուժպատասխանատուի, խոհարարի, մարզական կազմակերպչի անուն- ազգանունները,
  • ջոկատի գործունեության ուղղությունները,
  • ջոկատի գործունեության ժամկետը,
  • ջոկատի անդամների անհատական կազմը,
  • ջոկատի անդամների ապահովվածությունը ճամփորդական անհատական պարագաներով։

Ճամբարի մասնակցի համար ճամփորդական անհատական պարագաներ ունենալը պարտադիր է, այդ թվում՝ քնապարկ, ուսապարկ, ափսե, բաժակ, գդալ, լապտեր:

Ջոկատի ղեկավարը կազմակերպում է իր ջոկատի գործունեությունը՝ ճամբարի օրակարգին համապատասխան: Ղեկավարը.

  • կազմակերպում է սննդամթերքի գնումը, օրական ճաշացանկին համապաասխան մթերքի տրամադրումը.
  • ընդունում է ջոկատին օգտագործման հանձնված տարածքը, այդ թվում՝ վրանները, զուգարանները, ցնցուղները. անհրաժեշտության դեպքում նշում է թերություններ, որոնք ենթակա են անհապաղ վերացման ճամբարի ղեկավարի կողմից.
  • ապահովում է ջոկատի անդամների անվտանգ կենսագործունեությունը.
  • կազմակերպում է ջոկատի սնունդը, ճամբարի աշխատակարգով որոշված պարտադիր աշխատանքները, ջոկատի նախասիրած աշխատանքները.
  • ապահովում է ջոկատին հանձնված գույքի անվտանգ շահագործումը.
  • կազմակերպում է շրջակա միջավայրի մաքրության աշխատանքները, այդ թվում՝ զուգարանների, ցնցուղների, լողափի.
  • կազմակերպում է ջոկատի գործունեության լուսաբանումը, այդ թվում՝ ուղիղ եթերներ.
  • ջոկատի գործունեության ավարտին ճամբարի ղեկավարին է հանձնում ջոկատին օգտագործված տարածքը, միջոցները.
  • հաշվետվություն է ներկայացնում ջոկատի գործունեության մասին:

Բուժսպասարկողը.

  • ապահովում է ջոկատի բուժարկղիկում առաջին անհրաժեշտության դեղորայքի և միջոցների առկայությունը.
  • հետևում է ճամբարի մասնակիցների առողջական վիճակին, անհրաժեշտության դեպքում ցուցաբերում առաջին բուժօգնություն.
  • մասնակցում է օրական ճաշացուցակը կազմելուն և հետևում է խոհարարի աշխատանքին.
  • միջնորդում է ջոկատի ղեկավարին՝ հիվանդ մասնակցին որոշ պարապմունքներից ազատելու։

Մարզական կազմակերպիչը վարում է.

  • առավոտյան մարզական վարժանքը,
  • մարզական խաղեր, մրցույթներ,
  • քայլարշավներ,
  • լողի պարպմունքներ։

Վրանային ուսումնական հնգօրյա ճամբար

Թողնել մեկնաբանություն