Վայոց ձորի մարզում խոշորացված համայնքում հանրակրթության կազմակերպման աջակցություն

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնք 

Հանրապետության կրթական համակարգում չլուծված խնդիրներից են գյուղական դպրոցները: Համայնքների խոշորացումը նոր հնարավորություններ է ստեղծում նման խնդիրները լուծելու համար: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը 2018թ. իր աշխատանքների ծրագրում ընդգրկել է «Վայոց ձորի մարզում խոշորացված համայնքում հանրակրթության կազմակերպման աջակցություն»։ Որպես այդպիսի համայնք ընտրել ենք Եղեգիսը: Կրթահամալիրի առաջարկով ԿԳ նախարարությունը 2019-2021 թ. միջնաժամկետ ծախսային ծրագրում ընդգրկել է Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնքում կրթական գործի կազմակերպման տարբերակի մշակումը: Այս աշխատանքը չի ենթադրում գործող դպրոցների իրավական կամ պատկանելիության փոփոխություն, բոլոր դպրոցները կշարունակեն մնալ մարզային: Կրթահամալիրի առաջարկությունները կվերաբերեն ուսումնական գործի կազմակերպմանը և մեթոդական օգնությանը:

Աշխատանքի առաջին փուլը եղած վիճակին ծանոթանալն է, ոչ թե թվերի լեզվով, այլ տեղում՝ այցելելով համայնքի 12 գյուղերից յուրաքանչյուրը, զրուցելով բնակիչների, ուսուցիչների, դպրոցի տնօրենի, սովորողների հետ: Լուծումները պետք է մշակվեն համատեղ՝ հաշվի առնելով յուրաքանչյուրի առանձնահատկությունները:

Կարևոր փուլ է ուսուցիչների վերապատրաստումը, որը կիրականացվի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում: Վերապատրաստումների ընթացքում կացարանի կարիք ունեցողները կապրեն կրթահամալիր կրթական փոխանակումների կացարանում: Վերապատրաստումների բովանդակությունը թվային տեխնոլոգիաների, նախագծերի կիրառությունն է ուսումնական գործընթացում: Վերապատրաստման մասնակիցները տեղում կծանոթանան առաջարկվող լուծումների, որոնք տարիներ շարունակ մշակել են կրթահամալիրի ուսուցիչները.

  • դպրոց-պարտեզ մոդել, երբ նույն շենքում աշխատում են և մանկապարտեզային խմբեր, և 5 տարեկանների խմբեր, և դպրոց
  • ուսուցման կազմակերպումը թվային տեխնիկայի միջոցով, բլոգային ուսուցում
  • սովորող-սովորեցնող մոդել, երբ ինչ-որ բան յուրացրած սովորողը օգնում է ընկերոջը, ուսուցչին
  • սովորողի անհատական ուսումնական պլան
  • ուսուցման կազմակերպումը հեռավար ձևով, երբ սովորողը դպրոցից գտնվում է տարածական հեռավորության վրա
  • միջին մասնագիտական ուսուցման կազմակերպումը աշխատանքի միջոցով:

Կարևոր են նաև կրթահամալիրի և համայնքի սովորողների հայրենագիտական-էկոլոգիական համատեղ ճամբարները: Ճամբարների ընթացքում ոչ միայն կծանոթանան համայնում գտնվող պատմա-մշակութային հուշարձաններին, այլև կմաքրեն շրջակայքը, կնկարեն, թվայնացնեն և համացանցում կներկայացնեն: Ճամբարները կկազմակերպվեն համայնքի տարբեր գյուղերում՝ ըստ նախաձեռնությունների: Համայնքի սովորողները կմասնակցեն կրթահամալիրում կազմակերպվող ստուգատեսների, հավաքների, կծանոթանան Երևանին:

Թողնել մեկնաբանություն