Նոր կենցաղով մարդու, ստեղծագործ խոսքի, կենդանի գործողության ժամանակը

2017-04-21 08.37.18— Դավիթ, էդ համակարգչի ձենը կտրի, հերիք ա, գլուխս գնաց…
— Ո՜նց կտրեմ, բնագիտություն ա…

Բնագիտական տեսանյութի-հայերեն անիմացիոն ֆիլմաշարի ձայնը իջեցնում է հնարավոր ցածրի վրա… Տեսնելու բան է, ականջը ցուցադրաբար կպցրել է Արմինեի կրթահամալիրային օժիտ պենտիումի (երևի 2005–ի արտադրություն, 2007-ից գործող անընդհատ) էկրանին… Բոլ ծիծաղեցինք-հանգուցալուծվեց-անջատեց. այս ի՜նչ ձայնով են պատմում-ներկայացնում ամենափոքրերին բնագիտության մասին, ուղեկցում նրանց բնության գաղտնիքների աշխարհ: Ես ուզում եմ, խրախուսում-ուրախանում, որ Դավթի համար այդ աշխարհը ամենագրավիչներից է, և… նյարդերս չեն տանում այս սղոցը…
— Արի գնանք, ես լողանամ, ինձ ծակծկող մազերից կազատվեմ, պապ…
Մազերը կտրել են մեր Աշոտիկի, մազերը ծակծկում են մեր նրբիկին…
— Ես էլ՝ էդ հերոսի ձայնից, Դավիթ…

Ես իմ պլանշետի վրա աչքի եմ անցկացնում հենց նոր լրագրող Արման Սուլեյմանյանի ուղարկած «Հանրային դիվանագիտության» այս տեսանյութը
— Պա՜պ, էս ուր մնացիր, ինձ գցեցիր առաջ, դու կորա՞ր, պապ… Հա, բաղնիքում եմ ես…
— Մամ, դու դո՛ւրս արի, թող հայրիկը մնա…
Լողալը՝ հայրիկի հետ, վեցերորդ տարում, վեց տարի… Երկար մնաց լողարանում, խաղաց իր նոր «ձմեռ պապի» նվեր մեքենաներով… Հետո էս մեր ամաչկոտ-ամոթխածը, մորեն մերկ կանգնած լողարանի մեջ, ազատ զրուցում էր մոր հետ… Մայրն էլ զմայլվում-զննում էր իր երկուսը մեկում՝ տղա-աղջիկ ձագուկին…

Տանից Բանգլադեշ ճանապարհին… կրթահամալիրի տնօրենի ֆոտոօբյեկտիվից…

«Ազգ-բանակումը»՝ Հայաստանով-Արցախով, սփյուռքով-եկեղեցով, փառավոր հանգրվանել էր մարզահամերգայինում… Ես այդ ժամանակ իմ ազգի հետ էի, իմ սիրուն Զանգվում, Փարաքարի ջրանցք-աղբանոցի մոտ, իմ տարատարիք սանիտար սաների հետ, հայտնի սենսեյ Հայկուհու առաջնորդությամբ աղբից Զանգվի ջրանցքն էինք մաքրում, հետո՝ կրթահամալիրի Բանգլադեշի համերգասրահում երգչախմբային դասարանական հանրակրթական ստուգատեսի գալա համերգն էի վարում-ուրախանում-վերառեժիսավորում, իմ նոր, հերթական, խոստացված վերնաշապիկով, հետո՝ կրթահամալիրի քոլեջի ուսանողների հետ մարզական քայլքով Մայր դպրոց-Նոր դպրոց-Քոլեջ կրթական հարթակներով հընթացս մեթոդական-ուղեցուցային պարապմունք էի անցկացնում՝ նոր Բանգլադեշ-նոր կրթական միջավայր… մինչև հայտնի նոր գեղարվեստի նոր «Ընդհատակ» ակումբում մեկնարկած «Ներսս» մոնոներկայացումը՝ այսքա՜ն թեթև, ոտքի վրա՝ մեծ խումբ սեբաստացիների հսկա ջանքերի-քրտինքի-կասկածների-ոգևորումների շրջան ետևում թողած… Նոր գեղարվեստը որպես մեր իրական կրթական աշխարհ, մեր նոր Բանգլադեշի բաղկացուցիչ՝ բաց-թափանցիկ-մատչելի… Համեցեք, սեբաստացի-ոչ սեբաստացի, ծանոթ-անծանոթ, ձեր նախագծերով-նախաձեռնություններով, ձեր ինստալյացիաներով, ձեր օյիններով… Առանց Քնարիկ Ներսիսյանի այսպես-այս ժամկետում այսպիսի գործ էս հանգուցալուծման չէր բերվի: Կեցցես Քնարիկ, շնորհակալ եմ, տպավորված: Առանց իրիկնային գեղեցիկ Զանգի հեծանվավարգի իմ օրը ինչ վախճան կունենար… Հեծանիվս, ճամփի ընկեր է, հուսալի պիտի լինի, երկար նորոգում անցավ «Ideal Bikes»-ի արհեստանոցում, անշտապ, նոր դադարներով-դժվար անցումներով-վերելքներով փորձարկեցի… Հետևեք իմ գրին։

Տանից Բանգլադեշ ճանապարհին… կրթահամալիրի տնօրենի ֆոտոօբյեկտիվից…

Տեքստերը, նոր-բարդ, որպես բարձունքի-գագաթի նվաճում, իհարկե, իմ կյանքը-օրը զարդարում են, զանգուլակի պես կանչում… Բայց, ա՜յ, ծրագրեր, չգիտես ում համար գրած, որպես, տեսեք-տեսեք, արվելիք գործ (ո՜վ պիտի անի, ե՜րբ)… Ա՛յ հիմա, փնտրեցի-գտա, մի երկանդամմ (բինոմ), որ առաջին անգամ երևի գործածել էի «Հայ քաղաքական միտք» մատենաշարի՝ «Պահին ասված ճշմարիտ խոսքը գործողություն է դառնում» վերնագրով առաջաբանում՝ Ստեղծագործ խոսք-կենդանի գործողություն…

Որպես ստեղծագործ խոսք՝ ընդունեք «Կրթական պարտեզ» նախագիծը, իր կրթահամալիրի նոր լանջաղբյուր դարձող Բանգլադեշով-մետաքսի կրթական ուղիներով, իր կրթական հարթակներով-բարձունքներով, իր նոր գեղարվեստով, իր նոր կենցաղային մշակույթով, ինքնավարության-ինքնագործունեության-ինքնիրացման-ինքնարտահայտման նոր կրթական միջավայրով… Եվ մեր «Սիրուն Զանգի՝ մի տուտը Սևանի հանդարտ ջրերումը, մյուս տուտը՝ Արազի քրքրած ղողումը» նախագիծը՝ որպես մեզ մեկ հավաքականություն դարձնող հայրենի-մայրենի…

Գարնան բույրը… Լուսանկարները` Նունե Խաչիկօղլյանի:

Եթե ուզում ես տունը ապրի, գնա ու բնակվի այնտեղ… Ահա քեզ և կենդանի գործողություն ասվածը, ես սարսռեցի, հիմա, ինչպես Համո Սահյանը իր «Լուսաբաց»-ի մեջ… Ձեզ եմ դիմում, սեբաստացի-ոչ սեբաստացի, մեծ ու պստիկ, ծանոթ-անծանոթ, որ ապրում ենք մեր կրթական պարտեզում, սկսո՞ւմ ենք ապրել մեր սիրուն Զանգվում… Ապրե՛ք: Ապրիլի առաջիկա երեք օրը՝ 22, 23, 24, մայիսի առաջին օրերը, հետո 8-11-ը, ես տեսնում եմ Կրթական պարտեզի-Զանգվի՝ ապրող մարդկանց, անհատների-փոքր խմբերի-ընտանիքների նախաձեռնությունների շրջան, որպես մի-մի կենդանի գործողություն… Ընտրե՛ք ձեր հարթակը Կրթական պարտեզում՝ կրթահամալիրի Բանգլադեշում՝ Ագարակում թե Գեղարվեստում, մեր աշխարհի չորս կողմերում՝ դպրոց-պարտեզներում մեր, մեր Խառնարան-մայր դպրոցում, դրանց անցումներում-շրջակա բակերում. մեր գյուղատնտեսական գործիքները կհերքեն, եկեք տնկիներով ծառերի-թփերի, սերմերով կամ առանց դրա, բրդուճներով, եկեք որպես երկրագործ-ապրեք… Հետո, համեցեք, Էմանուել Ագջոյանի կամ ձեր ունեցած ուղեցույցով, իջեք Զանգի՝ Քանաքեռից մինչև Արգավանդ, Սևանից մինչև Արաքս, քայլեք պարզապես, ճանաչեք-հաշտվեք-հայտնաբերեք Զանգին, նստեք նրա ափին ու ջրին-կիրճին նայեք… Ապրեք: Բնակվելու-բնակչի ժամանակն է՝ նոր կենցաղային մշակույթով մարդու…

#1015

 

Թողնել մեկնաբանություն