«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսումնաարտադրական արհեստանոցի աշխատակարգ
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը (այսուհետ՝ կրթահամալիր) իր կանոնադրական խնդիրները լուծելու համար ստեղծում է ուսումնաարտադրական արհեստանոցները (այսուհետ՝ արհեստանոց): Արհեստանոցը (այսուհետ՝ արհեստանոց) գործում է կրթահամալիրի քոլեջի (այսուհետ՝ քոլեջ) կազմում։ Արհեստանոցի նպատակն է արտադրության միջոցով ուսուցումը, սովորողների ուսումնական-տեխնոլոգիական, արտադրական հմտությունների զարգացումը, սովորողների համար աշխատելու (եկամուտ ստեղծելու), աշխատանքի միջոցով դրսևորվելու-ինքնահաստատվելու հնարավորությունը, արհեստանոցի արտադրանքով շուկային (հասարակությանը) կրթական ծրագիր ներկայացնելը, կրթահամալիրի նյութական միջավայրը բարելավելը։ Արհեստանոցի ղեկավարին (այսուհետ՝ ղեկավար) քոլեջի տնօրենի ներկայացմամբ հաստատում է կրթահամալիրի տնօրենը։ Արհեստանոցի աշխատանքային խմբերի անդամներին (այսուհետ՝ աշխատող) և նրանց աշխատանքային գրաֆիկը արհեստանոցի ղեկավարի ներկայացմամբ հաստատում է քոլեջի տնօրենը։ Արհեստանոցի զարգացման ծրագիրը սահմանված կարգով հաստատում է կրթահամալիրի մասնաժողովը։
Աշխատող են.
- արհեստանոցի ղեկավարը,
- արտադրական ուսուցման վարպետը,
- քոլեջի համապատասխան դասընթաց վարող ուսուցիչը,
- քոլեջի համապատասխան դասընթաց ընտրած սովորողը,
- «Տեխնոլոգիա» առարկայի համապատասխան դասընթաց վարող ուսուցիչը,
- «Տեխնոլոգիա» առարկայի համապատասխան դասընթացի սովորողը,
- կրթահամալիրի այլ սովորողը՝ որպես իր ուսումնական պարապմունքներից ազատ ժամանակ լրացուցիչ կրթություն ստացող,
- կրթահամալիրի աշխատողը, որ իր հիմնական աշխատաժամանակից դուրս, գործատուի և արհեստանոցի ղեկավարի համաձայնությամբ աշխատում է արհեստանոցում։
Աշխատողը.
- պահպանում է աշխատանքի անվտանգության կանոնները.
- ժամանակին կատարում է հանձնարարությունները.
- պահպանում է արհեստանոցում մաքրությունը.
- ղեկավարին անմիջապես տեղեկացնում է արտակարգ պատահարի մասին.
- խնայողական մոտեցում է ցուցաբերում սարքերին և նյութերին.
- մասնակցում արհետանոցի արտադրանքի գովազդին և վաճառքին
- մասնակցում է արհեստանոցի զարգացման ծրագրի ստեղծմանը և իրագործմանը:
Ղեկավարը.
- կազմում է արհեստանոցի զարգացման ծրագիր և գործնական նախագիծ (բիզնես-պլան)
- ապահովում է արհեստանոցում կարգուկանոն, հիգիենիկ և անվտանգ միջավայր.
- պատասխանատու է աշխատողների անվտանգության համար.
- աշխատանքի միջոցով կազմակերպում է սովորողների ուսումնական-տեխնոլոգիական և արտադրական հմտությունների զարգացումը, անհրաժեշտ գիտելիքների յուրացումը.
- արտադրական անհրաժեշտությունից ելնելով՝ կազմում և քոլեջի տնօրենին է ներկայացնում սովորողների աշխատանքի գրաֆիկը.
- սովորողների հետ կազմակերպում է արտադրական աշխատանք՝ ապահովելով ստացված պատվերի ժամանակին և որակով կատարումը.
- հաշվառում և քոլեջի տնօրենին է ներկայացնում սովորողների անհատական աշխատանքի քանակը և արդյունքը, սահմանված կարգով ներկայացնում արհեստանոցի ամսական հաշվետվություն։
Քոլեջի տնօրենը.
- կրթահամալիրի տնօրենին ներկայացնում է արհեստանոցին կրթահամալիրի պատվերի առաջարկ.
- կազմակերպորեն (սովորողների աշխատաժամանակի ռեժիմ, անհրաժեշտության դեպքում՝ դասացուցակի համաձայնեցում, անհրաժեշտ նյութերի ձեռքբերում) աջակցում է արհեստանոցի ղեկավարին ստացած պատվերն իրականացնելու.
- գրասենյակի միջոցով գրանցում է սովորողների հաճախումը.
- վերահսկում է արհեստանոցի շաբաթական, ամսական ծախսը և եկամուտը, անհրաժեշտության դեպքում օպերատիվ միջամտում աշխատանքի կազմակերպմանը.վ
- կրթահամալիրի տնօրենին ներկայացնում է արհեստանոցի աշխատանքի ամսական արդյունքները և աշխատողների վճարման առաջարկ։
Կրթահամալիրի տնօրենը.
- արհեստանոցին հատկացնում է անհրաժեշտ տարածք, գույք, միջոցներ.
- հետևում է, որ արհեստանոցում աշխատանքը կազմակերպվի ՀՀ օրենքներին, իրավական ակտերին համապատասխան.
- ձևակերպում է արհեստանոցին կրթահամալիրի պատվերը.
- աշխատողներին նշանակում է ամսական աշխատավարձ և սահմանված կարգով՝ լրավճար.
- արհեստանոցի ծախսերը և արդյունքները ներառում կրթահամալիրի տարեկան ծախսային ծրագրում (նախահաշվում) և հաշվետվության մեջ։