Ուսումնական ճամփորդության կազմակերպման կարգ

Ուսումնական ճամփորդությունը  (այսուհետ` ճամփորդություն) կրթական ծրագրի բաղկացուցիչ է, ուսումնական պարապմունքի տեսակներից մեկը։

Լրամշակման նախագիծ

Ճամփորդության բովանդակությունը՝

  • որոշվում է հանրակրթական դասընթացի, սովորողի ընտրությամբ դասընթացի, գործունեության ծրագրով.
  • որոշվում է կրթահամալիրի, դպրոցի ուսումնական օրացույցով որոշված ուսումնական նախագծով (նախագծերով).
  • ինքնուրույն ուսումնական նախագիծ է.
  • հայրենագիտական ճամփորդության բովանդակությունը կարող է ներառել.
    — հասարակագիտական-քաղաքացիական աշխատանք. նախագծի գործընկերների ներգրավում. կապերի հաստատում տեղի դպրոցի, բնակիչների հետ, նվերների պատրաստում նրանց համար, համայնքի խնդիրների ուսումնասիրություն.
    — հայագիտական-ազգագրական-բանահավաքչական-պատմագիտական աշխատանք՝ ծանոթություն բնակավայրի պատմությանը, մշակույթին՝ բարբառին, զրույցներին, ծեսերին, սովորություններին, աշխատանքային-ծիսական երգ ու պարին և այլն.
    — ընթերցողի աշխատանք. տեղի ծնունդ անվանի գրող-բանաստեղծի գործեր, տեղի ԶԼՄ-ի ուսումնասիրություն. ներկայացվող «Կարդում ենք» նախագիծ
    — աշխարհագիտական-բնագիտական աշխատանք. ճանապարհը՝ մեկնարկի կետից մինչև նպատակակետ(եր)ը, և տեղում՝ բնության հուշարձաններ, առու, գետ, լիճ, սարեր, գագաթներ, անտառներ-պուրակներ, արգելոցներ, հանքեր, բուսական, կենդանական աշխարհ և այլն.
    — բնապահպանական. խնդիրներ, պատմություն, կոնկրետ նախագիծ.
    — մշակութային (համերգի, պլեների, ցուցադրության կազմակերպում, մասնակցություն, տարածքի ճարտարապետական, մշակութային արժեքների ուսումնասիրություն).
    — տնտեսագիտական աշխատանք. նախագծի նախահաշիվ՝  ծախսերի և մուտքերի ուղղություններ, այդ առումով այլ նախագծերի հետ համեմատում, նախագծի էժանացման աշխատանք, տրանսպորտային տեղափոխության կազմակերպում.
    — տեխնոլոգիական աշխատանք. սննդի կազմակերպում, ճամբարային տարածքի բարելավում-ձևավորում.
    — հեղինակային կրթական ծրագրի ներկայացում.
    — ուսումնական այլ  աշխատանք։

Ճամփորդության ղեկավարը (կազմակերպիչը) կրթահամալիրի մանկավարժական աշխատողն է։ Ղեկավարի օգնականը կարող է լինել կրթահամալիրի այլ մանկավարժական աշխատողը, կրթահամալիրում կամավորական աշխատանք կատարողը, խմբի մասնակից մեծահասակ, սովորող։ Ղեկավարը.

  • ճամփորդությունից առաջ հրապարակում է ճամփորդության նախագիծը.
  • անձամբ ծանոթ է ճամփորդության վայրին, երթուղուն (երթուղիներին) կամ նախագծում որպես օգնական ներառում է իմացող մարդու (կրթահամալիրից, ճամփորդության վայրից, այլ).
  • ձեռք է բերում ճամփորդության կազմակերպման համար անհրաժեշտ պայմանավորվածություններ.
  • կազմակերպում է նախապատրաստական աշխատանքը՝ բովանդակային, երթուղու ընտրություն, հայրենագիտական կանգառների ընտրություն, նախահաշիվ, լուսաբանումը և արդյունքների ներկայացումը.
  • ուսումնական պարապմունքի գրանցման համար սահմանված կարգով գրանցում է սովորողների մասնակցությունը (հաշվառում, արդյունքների գրանցում).
  • ճամփորդության ժամանակ պատասխանատու է սովորողի անվտանգության համար.
  • ճամփորդությունից հետո ներկայացնում է հաշվետվություն. այդ թվում՝
    — ամփոփ տեղեկություններ ճամփորդության արդյունքների մասին՝ գործընկերության (նոր գործընկերներ կամ հին կապերի հաստատում, էլեկտրոնային հասցեներ, պայմանավորվածություններ),
    — ստեղծագործական-հետազոտական աշխատանքի (նոր ուսումնական նյութերի), ճամփորդության մասին հրապարակված նյութերի հղումները,
    — ղեկավարի դիտարկումները երթուղու, ճամփորդության արդյունքների, առանձին սովորողների կամ խմբի մասին.
    առանձին դեպքերում ճամփորդության ժամանակ առաջացած խնդիրների մասին ղեկավարը կարող է գրել դպրոցի ղեկավարին, կրթահամալիրի տնօրենին.
  • որևէ պատճառով ճամփորդության որևէ փուլին իր չմասնակցելու մասին տեղեկացնում է սահմանված կարգով։

Մասնակիցը՝

  • նախօրոք ծանոթանում է նախագծին, պատրաստվում՝ տեղեկություններ հավաքում, ուսումնասիրում, գրանցում այդ մասին իր հարցերը, նախնական վերաբերմունքը, կենտրոնանում իրեն հետաքրքրող-ոգևորող դրվագների վրա. եթե եղել է այդ վայրում խմբով կամ անհատապես, այլ նախագծով, վերանայում իր հաշվետվություն-տպավորությունները, ծանոթանում են նույն վայրում կրթահամալիրի այլ դպրոցների, քոլեջի նախագծային խմբերի աշխատանքին՝ իրար շարունակելու-լրացնելու համար.
  • մասնակցում է ճամփորդության նախահաշվի, երթուղու ընտրության, կազմակերպման խնդիրների քննարկմանը.
  • նախագիծը, նախապատրաստական աշխատանքը, ուսումնական նյութերը, իր մասնակցությունը ներկայացնում է ուսումնական բլոգում.
  • ճամփորդության ընթացքում և հետո իր բլոգում հրապարակում է տպավորություններ՝ պատում, նկարաշար, ֆիլմ, և իր հաշվետվությունը.
  • որևէ պատճառով ճամփորդությունից բացակայելու մասին տեղեկացնում է սահմանված կարգով։

Կրթահամալիրի դասարանի, դպրոցի, ակումբի, տարատարիք խմբի ուսումնական ճամփորդությունը, կրթահամալիրային ուսումնական նախագծով իրականացվող ճամփորդությունները, ստուգատեսային ճամբարները, արտագնա ստեղծագործական հավաքները կազմակերպվում են կրթահամալիրի տնօրենի հրամանով, դպրոցի, ուսումնական կենտրոնի ղեկավարի հայտով։

Ճամփորդության գնացող խմբի մոտ պարտադիր է առաջին բուժօգնության արկղիկի առկայությունը, արկղիկում՝ յոդ, ջրածնի պերօքսիդ, վիրակապ, շինաներ, անոթալայնիչ, ցավազրկող, հակաալերգիկ դեղեր, յուրաքանչյուր մասնակցի մոտ՝ անհրաժեշտ ճամփորդական անհատական պարագաներ, մարզակոշիկ, մարզահագուստ։ Դաշտային-արշավախմբային նախագծերի իրականացման ժամանակ մասնակիցն ունենում է անհատական քնապարկ, ուսապարկ, լապտեր, գլխարկ, մարզագույք, խումբն օգտվում է կրթահամալիրի հայրենագիտական-արշավախմբային բազայից։

Քաղաքում թանգարան, ցուցահանդես, թատրոն, համերգ, մշակութային-ճանաչողական այլ կարճատև այցելությունները կարող են կազմակերպվել երկուշաբթի-ուրբաթ օրերին: Ճամփորդության պատճառով չպարապվող ուսումնական պարապմունքները լրացվում են հեռավար ուսուցման միջոցով:

Քաղաքից դուրս կատարվող ճամփորդությունները կազմակերպվում են  հիմնականում ուսումնական ընդհանուր պարտադիր պարապմունքներից ազատ օրերին: Ճամփորդության պատճառով բաց թողնված ուսումնական պարապմունքները լրացվում են հեռավար ուսուցման միջոցով:

Երևանից դուրս ճամփորդության մասին հայտը ներկայացվում է առնվազն երեք օր առաջ՝ նշելով հիմքը (դասընթացի ծրագիր, նախագիծ, կրթական փոխանակումների ծրագիր, հրավեր), մեկնելու վայրը, օրը, ժամը, մասնակիցների ցուցակը (նշելով՝ ով է նախկինում եղել այդ վայրում), ճամփորդության ղեկավարին (սովորողների թիվը 10-ից ավելի լինելու դեպքում` անպայման նաև ղեկավարի տեղակալին կամ տեղակալներին), ճամփորդության կազմակերպման ֆինանսական աղբյուրները, փոխադրամիջոցը, այդ վայրից նախագծին միացողներին: Ճամփորդության տևողությունը որոշվում է ըստ ճամփորդության նպատակի, խնդիրների, մասնակիցների տարիքի և ֆիզիկական պատրաստվածության։ Մեկօրյա ճամփորդության դեպքում հեռավորությունը Երևանից չպետք է գերազանցի 100կմ-ը։ Երևանյան ճամփորդության մասին հայտը կարող է ներկայացվել երկու օր առաջ։

Ճամփորդության ղեկավարի համար ճամփորդության կազմակերպումը կարող է գործուղում լինել։

Ճամփորդության ղեկավարի հաշվետվությունը հրապարակվում է նաև mskh.am-ում։ Նախագծի արդյունք ուսումնական նյութերը ներառվում են մեդիագրադրանում։ Հայրենագիտության լաբորատորիան ամբողջացնում է ճամփորդությունների քարտեզները, պատմությունները։

Հաշվետվության արդյունքում դպրոցի, ուսումնական կենտրոնի ղեկավարը ճամփորդության ղեկավարին և օգնականին լրավճար տրամադրելու առաջարկ կարող է անել կրթահամալիրի տնօրենին՝ ըստ կրթահամալիրում աշխատողի աշխատավարձի ձևավորման միասնական ցուցանիշների:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s