Ուրախ եղիր

Կրթահամալիրի տնօրենի օրագիրը

32709146_1713692525384698_3746906284796936192_n

Այս վերնագիրը Դավիթ Բլեյանի շապիկին է՝ «Be happy»։ Նիկոլ Փաշինյանը դրան կավելացներ՝ քայլ արա։ Իմ գիրն իմ էլ հասցեից սիրելի «Հայկական ժամանակի» լրագրող Աննա Զախարյանի հարցերն են՝ իրենց պատասխաններով, և իմ օրացույցը՝ բաց համակարգով մայիսյան հավաքի, մայիսի 16-ի իրողությունը՝

  • կրթահամալիրում հանրապետության  18 մանկավարժական աշխատողների՝ տեխնոլոգիայի, երաժշտության ուսուցիչների, կազմակերպիչների վերապատրաստում,
  • Արագածոտնի մարզի Թալինի, Ապարանի շրջանների 22 դաստիարակների վերապատրաստում,
  • Արտաշավան գյուղի դպրոցի 16 հոգիանոց խմբի ընդունելություն,
  • Վրաստանի Թբիլիսիի և Բոլնիսի նախագծային 26 հոգիանոց խմբի ընդունելություն,
  • մեր թատրոն լաբորատորիայի «Թակոց» ներկայացումը Կոնդում՝ որպես «Երևան 2800» տոնի մեր այլընտրանքի ներկայացում,
  • կրթահամալիրում տասնյակ հանդիպում-համերգ-ներկայացում-առաջնություններ հավաքի ծրագրով։

Որպես օրվա աշխատանք գրանցեք նաև իմ էլփոստը՝ «Այլընտրանքային հանրակրթության աջակիցների միության» հռչակագրով ու մայիսի 21-ի ասուլիսի պատրաստությամբ, Ստամբուլի Կարագյոզյան վարժարանի տնօրինուհու նամակով՝ իրենց 32 հոգիանոց խմբի հունիսյան այցի մասին, սեբաստացիների՝ ընթացիկ բազում գործերի մասին նամակներով… Էլ ի՞նչ ավելացնես։ Բայց ես ավելացնում եմ 1in.am-ի Սիրանույշ Պապյանի հետ իմ այսօրվա զրույցը։ Կկարդաք, կլսեք ինձ։

ՀԺ – ԿԳ նորանշանակ նախարարն այսօր ավարտական եւ միասնական քննությունները հետաձգելու որոշում է կայացրել: Դա ճի՞շտ քայլ էր, ըստ Ձեզ, դրա կարիքը զգացվո՞ւմ էր:

– Հետևո՞ւմ է ընթերցողը իմ՝ ashotbleyan.mskh.am բլոգում անընդհատ օրագրին։ Երեկվա իմ գրում՝ թվով 1376-րդում, ես առաջարկել էի նվաճել անգիրի դպրոցի բաստիլ քննությունները՝ դրանք վերացնելով, ոչ թե հետաձգելով… Խոսքը և՛ ավարտական-պետական քննությունների մասին է  9-րդ և 12-րդ դասարաններում, և՛ բարձրագույն ուսումնական հաստատությունների անիմաստ, բաց դռան թակոց հիշեցնող միասնական քննությունների մասին, որոնց նպատակը այդպես էլ հայտնի չդարձավ… Կարելի էր ձևակերպել թեկուզ որպես վարչապետ Նիկոլ Փաշինյանի նվեր ցուցարար պարմանիներին, որոնք քաղաքացիական քննություն բռնեցին, բոլորիս աչքի առաջ, հակաբռնի, սիրո և համերաշխության շարժման փողոցներում և հրապարակներում։ Հարգելի նախարարը ինձնից լավ գիտի, այդ «քննական հանձնաժողովը» ղեկավարել է…

Արևմտյան դպրոցի նախակրթարանի սաները: Լուսանկարները՝ Մարգարիտ Հեքիմյանի:

 

ՀԺ – Կրթության ոլորտում խնդիրները բազմաթիվ ու բազմատեսակ են: Նորանշանակ նախարարը, Ձեր կարծիքով, ի՞նչ առաջնահերթություններ պետք է ունենա, ինչի՞ց պետք է սկսել աշխատանքային գործունեությունը, որը հիմք կդառնա հետագա փոփոխությունների ճիշտ ընթացքի համար:

– Պետք է շարունակել նշածս առաջին քայլը՝ անցում կատարելով քննությունների-ստուգումների կենտրոններ դարձած, անունով հանրակրթական դպրոցներից դեպի անհատի հետաքրքրությունները բավարարող, բնույթով հանրակրթական ուսումնական կենտրոններ… Դպրոցների տնօրեններից-ուսուցիչներից առաջացող բողոքներն ուղղել ոչ թե նախարարություն-կառավարություն, այլ կրթական համայնքի ինքնակազմակերպում դարձնել… Ամեն համայնք կրթական՝ դպրոցի գործող խորհրդով-տնօրենով, ուսուցման բոլոր մասնակիցներով, թող հավաքվի-ավարտի-կարողանա օրակարգում հայտնված խնդիրները բաց լուծել… Նախարարությունն էլ իր ներկայացուցչով, ես էլ, որպես հասարակության ներկայացուցիչ, կմասնակցենք…

ՀԺ – Կրթության ոլորտում տեսնո՞ւմ եք որեւէ հաջողություն, որը ամեն կերպ պետք է պահպանել, փայփայել ու զարգացել:  

–  Փոփոխությունները և փոփոխությունների հնարավորությունը, ինչպես Վահե Հովհաննիսյանն է բնորոշում, դարձել են Հայաստանի նոր բրենդը։ Սա վերաբերում է նաև, նախ և առաջ կրթությանը։ Սա ամենամեծ ձեռքբերումն է, նոր արձանագրել ենք որպես պետություն, մեր նոր կառավարությամբ, վարչապետ Նիկոլ Փաշինյանով։  Վահեն նաև շարունակում է՝ հենց այս իրողություններն են տալիս առաջընթացի և զարգացման մեծ պոտենցիալ… նաև ցնցումների և կորուստների։ Հավաքական ընդունակության հարց է. ես գործել ու գործում եմ մի հավատամքով՝ չի կարելի չօգտվել այս հնարավորությունից ու չդրսևորել հասարակություն-պետություն ստեղծելու մեր հավաքական տաղանդը։

Համբարձման ծեսը Արևմտյան դպրոցում: Լուսանկարները՝ Սոնա Փափազյանի:

 

Մենք վճռական ենք մեր հեղինակային կրթական ծրագիրը՝ նախադպրոցական, տարրական, հիմնական, բաց ցանցային կազմակերպումով մոտեցնել բնակչին Երևանում և Երևանից դուրս, կազմավորելով հեղինակային նախակրթարանների-դպրոց-պարտեզների-կրթահամալիրների ցանց՝ պահպանելով դրանց ինքնուրույնությունը․․․ Մենք այսպիսի ուղերձով ենք շնորհավորել Արայիկ Հարությունյանին՝ արձանագրելով մեր ռազմավարական գործընկերությունը փոփոխությունների ճանապարհին։

Այբ-ը ձևավորում է Արարատյան բակալավրիատի ծրագրով ավագ դպրոցների ցանց․․․ Կան միջազգային բակալավրիատի ծրագիր իրականացնող հաստատություններ, ճիշտ է, թանկ վճարով, փոքրամասնության համար՝ «Քվանտ», Շիրակացի ճեմարան, Դիլիջանի միջազգային դպրոց… «Արեգնազան» կրթահամալիրն է հետևողական ներկայացնում իր ծրագիրը…

Մանկավարժական նորարարության խթանումը, հանրակրթության քաղաքական ազատագրումը մանկավարժական ներուժի իրացման ամենահասանելի ուղին է…

Սրանց ավելացրեք ձեր իմացածը։ Մեծ հաջողություն եմ համարում առցանց ուսուցման, ինտերնետ-ուսուցչի գոյությունը, առանց սահմանների կրթությունը, ճամփորդությամբ ուսուցումը, որոնց ջատագովն ու ճանապարհ հարթողն ենք եղել և մնում… Իշխանությունը բոլոր մակարդակներում պիտի կենտրոնանա հանրակրթության՝ բաց համայնքային դպրոցի բարեշինության վրա… Ստեղծական ու մոբիլ, կազդուրիչ-ակտիվ ուսուցման վրա…

Հարավային դպրոցի սովորողները Նորագյուղ հեծանվաերթի ժամանակ: Լուսանկարները՝ Հասմիկ Պողոսյանի:

 

Ֆոտոխմբագիր՝ Սոնա Փափազյան
#1377

 

Advertisements
This entry was posted in տնօրեն. Bookmark the permalink.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s