Գյոզալ մեր հունիս ուսումնական, բարով…

Կրթահամալիրի տնօրենի օրագիրը

Հունիսը ամենասեբաստացիականն է իրավամբ-բովանդակությամբ-կազմակերպմամբ՝ ոչ միայն բաց (բաց ենք շուրջ տարի՝ ֆիզիկական ու մեդիա միաջավայրում, մենք բաց համակարգ ենք), ոչ միայն նախագծային ամբողջական, ողջ ամիս, այլև ճամբարային, բոլոր տարիքի սովորողների՝ սեբաստացի-ոչ սեբաստացի, մանկավարժությամբ զբաղվող յուրաքանչյուրի համար, ստուգատեսային-ճամփորդությամբ ուսուցմամբ… Հունիսին մեր մանկավարժությունը՝ իր բոլոր դրսևորումներով, տարերքի մեջ է, մեր բոլոր կրթական ծրագրերով մեր մանկավարժության փոխանակման բոլոր միջոցները գործի են դրվում, սրանով մատչելի դառնում հետաքրքրվող յուրաքանչյուրի համար՝ սովորող, ծնող, մանկավարժ, թե հեղինակային մանկավարժությամբ, մանկավարժական նորարությամբ հետաքրքրված յուրաքանչյուր ոք՝ Երևանից, Հայաստանից, Վրաստանից, Արցախից, արդեն հայտնի «Բարեկամություն» ճամբարով, թե նոր նախաձեռնությամբ… Ո՛չ մի խտրություն… Համեցե՛ք «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր՝ միասին սովորենք, միասին գործենք, միասին քայլ անենք մանկավարժական նորարարության մեր ցանցով, նրա մի հանգույցը դարձեք… Հունիսը այդպիսի հնարավորություն տալիս է…

2-4 տարեկանների բաց արվեստանոց. Հյուսիսային դպրոց-պարտեզ:

 

 

Եվ մայիսյան հավաքը ընթացող հարթակ-կամուրջ է հունիսի՝ այսպիսի փոփոխությունների յուրացման, գործընկերության հաստատման համար, եթե նախաարձակուրդային հովերը կամ քննություններն ամեն ինչ դարձնելը մահանա չդառնան և դրանով մեր գյոզալ հունիսից փակվելու միջոց:

Գերմանիայից ժամանել, մեր Արևմուտքի կացարանում հարմարավետ տեղավորվել է պարտիզապուրակային-այգեգործության մասնագետ Գերդ Քյոհլերը։ Ինչպես անցյալ տարի, գերմանացի մեր ճանաչված գործընկերը, ում ընտրել է Գերմանիայի միջազգային համագործակցության արդյունաբերական հիմնադրամը, երեք շաբաթ, գիշեր ու զօր, մասնագիտական աջակցություն կցուցաբերի կրթահամալիրին. գիտեք, կրթահամալիրի քոլեջում մենք պարտիզպաններ ենք պատրաստում, իսկ 2018-ից նաև այգեգործներ, խաղողագործներ, գինու և հյութերի արտադրության մասնագետներ… Ընդունելությունը քոլեջում էլ, ինչպես կրթահամալիրով մեկ՝ կրտսեր, միջին և ավագ դասարաններում, ճամբարային-հավաքային նախագծային է, որպես կյանքով ճանաչում՝ մենք ձեզ, դուք մեզ, հավաստի լինելու համար, և բնական ընտրություն. ափսոս չե՞ն ձեր կյանքը-միջոցները՝ ուրիշին, առանց ընտրության, տարիներով հանձնվելու համար… Եվ գերմանացի մասնագետի մասնակցությամբ հիմա, մայիսյան հարթակից ես հայտարարում եմ այդպիսի հավաքի պատրաստությունը սկսելու մասին…

 

Գերմանացի գործընկերը այնքան է կապվել մեզ հետ, ոգևորվել ծաղկող-կանաչող Բանգլադեշով, կրթահամալիրի գերմանախոս Վանուհի Բաղմանյան թարգմանիչով, Էդմոնդ Փաշինյան գլխավոր այգեգործով մեր, վաթսուն կգ-անոց բեռ է բերել՝ կռասավեց, տեսնելու բան է՝ նոր պիտույքներ, միջոցներ, գործիքներ այգեգործ-պարտիզպանի… Իսկ ինչո՞ւ, այս տարվանից սկսած, մեր մասնագետ-այգեգործներն  էլ չգնան Գերմանիա… Առաջինը, ու այս տարի, հենց նույն Էդմոնդ Փաշինյանը գնա ու մի կարճաժամկետ ծրագրով սովորի։

Արևելյան դպրոցի մայիսի 16-ի համերգի գլխավոր փորձը Մարմարյա սրահում:

 

 

Դաստիարակները մեր նախակրթարանների մի քանի խմբով սկսել են շվի, դափ, ծնծղա… այլ ծիսական-խաղային գործիքային ուսուցումը… Կրթահամալիրի «Սեբաստիո» ազգային գործիքների համույթի, մեր երաժշտության ուսումնական կենտրոնի, հայտնի երաժիշտ սրնգահար Աննա Հովհաննիսյանի սկսած գործը հունիսին նոր թափ, այլ կազմակերպում կստանա՞, որ բաց կլինի նաև մեր մանկավարժական ցանցում ընդգրկվողների համար…

Երեկ դաստիարակների լաբորատորիայում, մինչ նոր ձևավորված համույթը նվագում-փորձում էր, մինչ Նելի Արղությանը փոխանցում էր ինձ Արփի Փաշինյանի առաջին օրերի տպավորությունները իրենց կառավարական տանից, ես դեպի արևելք-հարավ-արևմուտք հայացքով «Աիդա Պետրոսյան» փորձասրահից դիտում էի շուրջը՝ ծաղկող-ծավալվող կրթական կասկադը մեր, մեր կրթական Արևելքը, որպես ամառային պարտեզ-ամառային դպրոց՝ հունիսի 1-ից սկսվող նախագծերի գրավիչ-հարմար միջավայր՝ լողափով բաց, պուրակով ուսումնական, խաղահրապարակներով, ներսով-դրսով… Պաշտպանված երեխաների այսպիսի հարթակներ, կոփող ուսուցման-զարգացման մանկավարժության կենտրոններ մենք ունենք նաև Հարավում, Արևմուտքում, Ագարակում, Հյուսիսում Գեղարվեստի…

Քոլեջ-Գեղարվեստի միջավայրը՝ կրթահամալիրի տնօրենի օբյեկտիվից:

 

 

Արևելքում եմ ես կենտրոնացած հիմա՝ բարեկարգման-պատրաստական աշխատանքների ծավալով պայմանավորված… Տեսեք, ջնջվեցին սահմանները-չափարները հաստատությունների միջև, հանրայինի և հաստատության միջև, ու մարդուն՝ երեխային, ընտանիքին վերադարձվեց այն, ինչ նրա համար էր նախատեսված… Ա՛յ քեզ հեղափոխություն, փոփոխությունների մոդել, օրինակ, որ կարող է ու պիտի տարածում ունենա Երևանով-Հայաստանով մեկ. մենք կենտրոնում-հրապարակում-հարթակում ենք մեր մանդատով, մեր առաքելությամբ, գործելու վճռականությամբ:

Իսկ Շուշիի մայրիկ Նելլին արագ-արագ պատմում էր քոլեջի նախակրթարանում ծնողների ներգրավվածության նոր նախաձեռնությունների մասին… հետո, քոլեջի ղեկավար Տաթև Բլեյանի հետ քայլ արեց դեպի պարտեզում հառնող լողափը… Երկու մայրիկներ-գործընկերները, վստահ եմ, կստեղծեն առավել անվտանգ, հիգիենիկ, գրավիչ-զարգացնող-կոփող միջավայր իրենց վահանների ու շուշիների համար՝ սկսած 2 տարեկանից…

Բացօթյա պարապմունքներ Մայր դպրոցի կրթական պարտեզում:

 

 

Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1375

Advertisements
This entry was posted in տնօրեն. Bookmark the permalink.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s