Բազմամարտի հանրակրթական համակարգ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

Տեղեկանք-ներդրումային ծրագրի առաջարկ

Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվող հեղինակային կրթական ծրագրում բազմամարտը սովորողներին առաջարկվող հանրակրթական ծրագիր է՝ մարմինը մարզելու, ֆիզիկական և մտավոր կարողությունները զարգացնելու, նախաբանակային պատրաստության, քաղաքացիական պարտականությունների-իրավունքների ողջ ծավալով ակտիվ-անվտանգ կենսագործունեության համար:

1-4-րդ դասարաններում բազմամարտն ընդգրկում է մարմնամարզություն, հեծանվավարություն, լող, վազք: Կրթահամալիրն իր ոչ բյուջետային միջոցներով բոլոր դպրոց-պարտեզներում ստեղծել է մարմնամարզական դահլիճներ, հեծանվային-արշավային ակումբներ՝ դպրոց-պարտեզի սովորողներին հարմար հեծանիվներով (յուրաքանչյուր դպրոց-պարտեզում՝ 12 մանկական և երկու դասավանդողի հեծանիվ), ավազային հեծանվուղիներ, բաց լողափեր՝ հավաքովի լողավազաններով: Մայր դպրոցում կա մարմնամարզական արդիական մեծ-համալիր դահլիճ՝ հագեցած մարմնամարզական բոլոր սարքերով-պիտույքներով, այդ թվում՝ նաև բատուտներով: Դպրոց-պարտեզների 1-5-րդ դասարանցիները մարմնամարզության մեծ դահլիճում են անցկացնում իրենց պարապմունքների մի մասը: Դպրոցների բակերում հեծանվուղիներն օգտագործվում են նաև վազքի, թռիչք-երկարության պարապմունքները կազմակերպելու համար: Լողուսուցումը մայիս-հոկտեմբեր ամիսներին կազմակերպվում է դպրոց-պարտեզների բաց լողավազաններում, նոյեմբեր-ապրիլ ամիսներին՝ կրթահամալիրի փակ լողավազանում: Փակ լողավազանի պահպանության-շահագործման ծախսերը կատարվում են կրթահամալիրի ոչ բյուջետային միջոցներով:

Լողը, հեծանիվ վարելը, մարմնամարզական տարրերի կատարումը 4-5-րդ դասարանն ավարտողի պարտադիր կարողություններ են:

5-12-րդ դասարաններում բազմամարտն ընդգրկում է ձիավարություն, լող, հեծանիվ, սուսերամարտ, հրաձգություն, նետաձգություն, վազք:

Կրթահամալիրի ուսումնական ագարակն ունի հարմար ախոռ՝ 12 ձիու համար, 6 ձի և մեկ պոնի: Ավարտվել են ձիավարության հրապարակի կառուցման աշխատանքները:

Կրթահամալիրն ունի մեկ հեկտար տարածքի վրա ՀՀ ՊՆ աջակցությամբ կառուցված մարզադաշտեր՝ ռազմամարզական գոտիով, պատանեկան հայրենագիտական-արշավային կայան։ Մայր դպրոցի շուրջը կառուցվել է հեծանվուղի: Կրթահամալիրն ունի միջին և ավագ դպրոցի սովորողներին, ուսուցիչներին հարմար 40 հեծանիվ: Պարբերական բնույթ են կրում հեծանվային ուսումնական արշավները, ճամփորդությունները, բարձունքների նվաճումները, ռազմամարզական խաղերը, բանակումները, ճամբարները: Ծածկած խաղադաշտերը հնարավորություն են տալիս շուրջտարյա դարձնել բազմամարտի պարապմունքները։

Հեղինակային կրթական ծրագրով ֆիզկուլտուրան 5-12-րդ դասարաններում կազմակերպվում է որպես սովորողի ընտրած մարզաձևի պարապմունքներ, մրցումներ, ռազմա-մարզական խաղեր, սահմանված կարգով ռազմա-մարզական դաշտային ճամբարի կամ հավաքի մասնակցություն։ Երրորդ տարին է՝ կրթահամալիրի սովորողները ի թիվս այլ մարզաձևերի (ֆուտբոլ, վոլեյբոլ, բասկետբոլ, ձեռքի գնդակ, սեղանի թենիս, մարմնամարզություն, հեծանվավարություն) ընտրում են նաև սուսերամարտ, նետաձգություն, հրաձգություն: Նրանք հասցրել են մասնակցել միջազգային մի քանի մրցումների: Կրթահամալիրի նորոգված հրաձգարանը նորից գրավում է սովորողների ուշադրությունը: Կրթահամալիրի սովորողներն առանձին թիմով մասնակցում են Հայաստանի առաջնությանը: Այդ մարզաձևերի մարզիչները գործող մարզիկներ են, և իրենք էլ մասնակցում են հանրապետական և միջազգային մրցումների:

Ուսումնական ագարակում կենդանիների խնամքը, ձիավարությունը օգտագործվում են նաև ներառականության ապահովման, բուժական նպատակներով։

Կրթահամալիրը ապրիլ-հոկտեմբեր ամիսներին Սևանի ափին կազմակերպում է «Ժայռ» ճամբարը՝ որպես տարատարիք սովորողների ռազմամարզական-հայրենագիտական-բնապահպանական նախագծերի կենտրոն։

Այս ձեռքբերումների հետ մեկտեղ կան խնդիրներ, որոնք սեփական միջոցներով լուծելը կրթահամալիրի համար դժվար է, բայց քաղաքային և հանրապետական իշխանությունների աջակցության և անհրաժեշտ ներդումների դեպքում դրանք կլուծվեն, և կրթահամալիրը իր հնարավորություններով կարող է լրացուցիչ կրթության կենտրոն լինել Հարավարևմտյան զանգվածի, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի, քաղաքի սովորողների և մեծահասակների համար:

  • Բ-1 թաղամասի նախաձեռնող խումբը առաջարկ էր ներկայացրել Երևանի քաղաքապետարան՝ «Կրթական պարտեզ բնակելի արվարձանում», ըստ որի թաղամասում գտնվող մանկապարտեզների և դպրոցների տարածքները ազատվում են ցանկապատերից և բացվում և կառուցվում են թաղամասի տարբեր մասերը իրար միացնող ճանապարհները: Նախագիծը արժանացել էր քաղաքապետի հավանությանը: Կրթահամալիրի բոլոր մասնաշենքների ցանկապատերը հանված են, հին խալխլված հենապատերի փոխարեն խոտածածկ լանջեր են կառուցվել: Սակայն մինչև այսօր թաղամասի մյուս կրթական օբյեկտների ցանկապատերը մնում են իրենց տեղում՝ խանգարելով մարդկանց ազատ տեղափոխվելու հնարավորությանը:
  • Կրթահամալիրի առանձին դպրոցների շուրջը կառուցված են հեծանվուղիներ, սակայն դպրոցից դպրոց անցնելու հնարավորություն չկա, քանի որ Երևանի Հարավարևմտյան թաղամասում բացակայում են հեծանվուղիները: Առաջարկում ենք, որպես մոդել, մեր թաղամասում ստեղծել ներթաղամասային  հեծանվուղիներ, ինչը թաղամասի բնակչին հնարավորություն կտա տեղաշարժվելու՝ չօգտվելով հասարակական տրանսպորտից:
  • Անցած տարի ուսումնական ագարակի մի հատվածում սկսեցինք պատանեկան բաց, 25*12 քառակուսի մետր չափսերով լողավազանի կառուցման աշխատանքները: Հողային աշխատանքները սկսված են: Այդ շինարարությունն ավարտելու համար պահանջվում են ներդրումներ:
  • Կրթահամալիրի համար խնդիր է ձիերին կերակրելը. այստեղ պահանջվում են ներդրումներ:
  • Հրաձգարանում եղած զենքերը օդամղիչ են և հին: Կրթահամալիրը կարիք ունի նոր զենքերի, նետաձգության պարագաների:
  • Ներդրումներով լուծելի խնդիրներ են ուսումնական ագարակի զարգացումը-ընդարձակումը, բազմամարտի պայմանների բարելավումը, գոմի տանիքը փոխելը, ագարակում հիգիենայի բլոկի ստեղծումը՝ զուգարաններով, հանդերձարաններով, ընտանի կենդանիների խնամքը։
Advertisements
This entry was posted in Ընդհանուր. Bookmark the permalink.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s