Հեռավար-առցանց ուսուցում կրթահամալիրում

Թվային տեխնիկական միջոցները, այդ թվում՝ նաև համացանցը, ներթափանցել են յուրաքանչյուրիս կյանք. դպրոցահասակ երեխաներից շատերն ունեն թվային տեխնիկական միջոցներ, կարողանում են օգտվել համացանցից: Շատացել են բնակչության տեղաշարժերը. ավելի հաճախ են հանդիպում դեպքեր, երբ դպրոցահասակ երեխան տարբեր օբյեկտիվ պատճառներով ստիպված է լինում բացակայել իր մշտական բնակավայրից: Նման դեպքերում խնդիր է դառնում նրա ուսումնական գործի կազմակերպումը: Հայաստանի Հանրապետության կրթության մասին օրենսդրությունն իր մեջ ունի մեխանիզմներ նման խնդիրները լուծելու համար. Հանրակրթության մասին ՀՀ օրենքով (հոդված 4, կետ 2.1)՝ «Հայաստանի Հանրապետությունը համընդհանուր ներառական կրթությունը հռչակում է որպես յուրաքանչյուր երեխայի կրթության իրավունքի ապահովման երաշխիք։ Ներառական կրթության քաղաքականությունը նպատակաուղղված է յուրաքանչյուր երեխայի կրթության մատչելիության, հավասար մասնակցության հնարավորության և որակի ապահովմանը», «Կրթության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածը սահմանում է կրթության ձևերը՝ «Սովորողների կարողություններին և պահանջմունքներին համապատասխան` կրթական ծրագրերն իրականացվում են առկա (ստացիոնար), հեռակա, հեռավար (դիստանցիոն) և դրսեկության (ընտանեկան և ինքնակրթության) ձևերով»:

Նշված ձևերից հանրակրթությունում կիրառվում են առկա և դրսեկությամբ ձևերը: Հեռավար ձևով ուսումը կազմակերպելը հիմա դարձել է իրական՝ հարմար և գրավիչ: Անկախ երեխայի գտնվելու վայրից՝ նա շարունակում է (կարող է) մնալ տրված (ընտրած) ուսումնական հաստատության սովորողը: Նա բացակայության ընթացքում ուսումնասիրում է իր տարեկան ուսումնական պլանով որոշված բոլոր առարկաները և դասընթացները (դասագրքերը, անհրաժեշտ ուսումնական նյութերը հասանելի են թվային գրադարանների միջոցով), կատարում է պահանջվող առաջադրանքները: Իր աշխատանքը հրապարակում է բոլորին հասանելի հարթակում (օրինակ՝ բլոգում): Ուսումնական նյութերը, առաջադրանքները, սովորողի կատարած աշխատանքը հասանելի են բոլորին: Անհրաժեշտության դեպքում սովորողի համար կարող է կազմակերպվել տեսահանդիպում համապատասխան ուսուցչի հետ: Սովորողին գնահատում են նրա հրապարակած աշխատանքների հիման վրա: Կրթական աստիճանի ավարտական փաստաթուղթ ստանալու համար սովորողը սահմանված կարգով քննություններ է հանձնում:

Կրթահամալիրի կանոնադրությամբ (կետ 31) որոշված է՝ «Կրթական ծրագրով կիրառվում են առկա, հեռավար, առցանց, տնային ուսուցման ձևեր` Սովորողին տալով պահին, պայմաններին համապատասխան ձևն ընտրելու հնարավորություն»: Կրթահամալիրը տարիներ շարունակ իրականացնում է համակարգիչների միջոցով ուսուցում (մեկ սովորող-մեկ համակարգիչ), ամբողջական մեդիա, ամբողջական ներառական կրթություն։ Կրթահամալիրում կա սովորողների համար անհրաժեշտության դեպքում (հիվանդություն, ընտանիքով ժամանակավոր բացակայություն քաղաքից, հանրապետությունից, հարգելի այլ պատճառ) որոշակի ժամկետներով հեռավար ուսուցման կազմակերպման փորձ։

2017-2018 ուսումնական տարում պատրաստ ենք կրթահամալիրում կատարել 1-12-րդ դասարանցիների ընդունելություն նաև հեռավար ուսուցման ծրագրով: Նման կազմակերպում կարող է իրականացնել նաև իր կարողություններին վստահող այլ ուսումնական կազմակերպություն:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s