Գործուղումը ՀՀ ԿԳՆ հեռավար ուսուցման համակարգերի գործածմամբ ուսուցման կազմակերպման ծրագրով նախարարության կողմից կրթահամալիրին կցված դպրոցներում՝ Արմավիր մարզի Երվանդաշատ և Բագարան գյուղերի միջնակարգ դպրոցներում համագործակցության խնդիրները քննարկելու, հետագա անելիքները ճշտելու նպատակ ուներ:
Արմավիր մարզի Երվանդաշատ և Բագարան գյուղերը սահմանամերձ գյուղեր են, և գտնվում են Ախուրյան և Արաքս գետերի միավորման մասում՝ լայնարձակ հովիտում: Կրթահամալիրի կենտրոնից մինչև Երվանդաշատ հասանք մեկ ու կես ժամում (կրթահամալիրի կենտրոնից մինչև Սարդարապատի հուշահամալիր 45 րոպե տևեց): Գյուղերը զրկված են հասարակական որևէ տրանսպորտից, «մեծ երկրի» (Արմավիր քաղաքի) հետ կապը միայն անձնական մեքենաների միջոցով է կատարվում: Երկու գյուղն էլ զուրկ է գազից (գազամատակարարումը հասնում է մինչև Վանանդ գյուղը): Երվանդաշատ գյուղում կա շուրջօրյա ջրամատակարարում (նաև դպրոցում): Բագարանում խմելու ջրի հարցը դժվար է. մարդիկ ջուրը կրում են փողոցում գտնվող աղբյուրներից, որոնք միշտ չէ, որ ջրառատ են: Երկու գյուղերում էլ դպրոցական շենքները կառուցվել են 1980-ականների վերջերին, տիպային շենքեր են, նախատեսված 350 սովորողի համար: Դպրոցական շենքերում սառն էր (տեղ-տեղ՝ ցուրտ), սովորողները և դասավանդողները` վերարկուներով և բաճկոններով: Երվանդաշատում մի քանի դասասենյակ էր տաքացվում՝ էլեկտրական սալիկներով, Բագավանում՝ հեղուկ վառելանյութի վառարաններով: Դպրոցներում փոքրաքանակ դասարաններ են:
Երկու դպրոցում էլ ինտերնետ կապ կար: Ուսուցիչները ամեն օր լրացնում են dasaran.am կայքը: Երվանդաշատի դպրոցում չորս համակարգիչ կար, տպիչ սարք, սկաներ: Բագավանի դպրոցում մեկ համակարգիչ էր՝ ուսուցչանոցում: Ուսուցիչների հիմնական մասը և սովորողների մի մասը տանը ունեն ինտերնետային կապ և համակագիչներ:
Երկու դպրոցներում էլ հանդիպեցինք դասավանդողների հետ, որի ընթացքում կրթահամալիրի տնօրենը ներկայացրեց համագործակցության մեր առաջարկները, լսեցինք մեր գործընկերներին: Երվանդաշատում հանդիպեցինք նաև սովորողներին և գյուղապետին: