Տնային առաջադրանք. պարտադրել, թե՞ ոչ

SAM_2800

Հոդվածը ռուսերենից թարգմանեց և վերլուծեց Լուսինե Բուշը

Տնային առաջադրանքների հարցի շուրջ բազմաթիվ մանկավարժական կարծիքներ և մոտեցումներ կան: Տնային առաջադրանքը իսկապես դարձել է «հարց», ավելի շուտ՝ «խնդիր», որը շուտափույթլուծման կարիք ունի: Տասնամյա մանկավարժական փորձս թույլ է տալիս միանշանակ ասել՝ տնային առաջադրանք չկատարողը չի կատարում անգամ այն դեպքում, երբ կատարումը պարտադիր է և չկատարելու դեպքում կարող է պատժվել, իսկ պարտաճանաչ սովորողը պատրաստ է լրացուցիչ աշխատելու ու հանձնարարածից էլ ավելին կատարելու:

Այս դիտարկումը թույլ է տալիս համաձայնվել այն մոտեցման հետ, որ տնային առաջադրանքը պետք է լինի ոչ թե պարտադիր, այլ սովորողի և ծնողի համատեղ որոշման արդյունք:

Քանի որ թեման բազմիցս է քննարկվել Կրթահամալիրի մանկավարժական և ծնողական սեմինարների ընթացքում, ապա անհարժեշտություն առաջացավ հետազոտել միջազգային փորձն ու մոտեցումները:

Հարցն այնքան արդիական և քննարկվող է, որ համացանցումբազմաթիվ ֆորումներ են բացվել, որտեղ կարելի է կարդալ բազմաթիվ կարծիքներ: Շատ մանկավարժներ տնային առաջադրանքը դիտում են որպես սովորողի ինքնուրույն աշխատանք և համարում են, որ նման աշխատանքը սովորողի մոտ ինքուրույն մտածելու, գործելու, եզրակացություններ անելու հմտություններ է ձևավորում:

Տնային առաջադրանքների հանդեպ կա երկու ձևավորված կարծիք.

  • տնային առաջադրանքը խլում է սովորողի ժամանակի մեծ մասը: Անգամ հաշվարկել են՝ եթե երեխան փորձի բոլոր տնայինները պատշաճ կերպով կատարել, ապա ստիպված է լինելու դպրոցից տուն գալուն պես զբաղվել բացառապես տնային առաջադրանքները կատարելով:
  • տնային առաջադրանքը պարտադիր է, քանի որ համարվում է, որ միայն դասարանական և տնային առաջադրանքների և աշխատանքների համադրության դեպքում սովորողը կարող է հաջողության հասնել:

Այժմ եվրոպական շատ պետությունների կրթական հաստատություններ սկսել են հրաժարվել տնային առաջադրանքներից: Դիտարկենք նրանցից մի քանիսի փորձը: Օրինակ՝ վերջերս Մեծ Բրիտանիայում չեղյալ են համարվել տնային առաջադրանքների նախկին նորմերը: Շատ դպրոցներում ավանդական տնային առաջադրանքները փոխարինվել են հատուկ ակումբներով, որտեղ բոլոր աշակերտները շաբաթը մեկ անգամ լրացուցիչ առաջադրանք են կատարում: Կան նաև դպրոցներ, որտեղ կրտսեր դասարանների տնային առաջադրանքները փոխարինվում են արշավներով, խաղերով, սննդի պատրաստմամբ: Համաձայն ուսուցիչների և ծնողների կարծիքի՝ նման աշխատանքը թույլ է տալիս խուսափել տնային առաջադրանքների պատճառած սթրեսներից:

Տնային առաջադրանքներին դեմ է նաև Ֆրանսիայի ծնողական Ֆեդերացիան (FCPE): Եվ եթե Մեծ Բրիտանիայում միայն կրտսեր դպրոցներում են հրաժարվել տնային առաջադրանքներից, ապա Ֆրանսիայում առաջարկում են ընդհանրապես հրաժարվել դրանցից: Ֆրանսիայում կրտսեր դպրոցներում արգելված է հանձնարարել տնային առաջադրանք: Ծնողները առաջարկել էին երկշաբաթյա գիտափորձ անցկացնել, որի ընթացքում երեխաները ազատված կլինեն տնայիններից: Դրդապատճառը նույնն էր՝ տնային առաջադրանքի կատարումը շատ ժամանակ է խլում, չի նպաստում առաջադիմությանը և հաճախ ընտանիքներում վեճերի առիթ է դառնում:

Ծնողական Ֆեդերացիայի նախագահ Ժան-Ժակ Ազանը իրավիճակը այսպես է բացատրում. եթե սովորողը դասարանում չի կատարել առաջադրանքը, ապա չկա պատճառ, ըստ որի նա դա կկարողանա անել տանը: Տնային առաջադրանքներ հանձնարարելիս՝  ուսուցիչները իրենց աշխատանքի մի մասը փոխանցում են ծնողներին: Նաև կարծիք է հայտնվում, որ տնային առաջադրանքը կարող է երեխանրի և ծնողերի մեջ վեճի և բռնության առիթ դառնալ:

Ֆրանսիայի ուսուցիչների կազմակերպությունը (Icem) պաշտպանել է ծնողների այս տեսակետը, բացատրելով, որ ծնողները միշտ չէ, որ կարող են օգնել իրենց երեխաներին կատարելու տնայինները, ինչը և անդրադառնումէ սովորողների ընդհանուր գիտելիքների վրա:

Նորվեգացի մանկաբույժ Ֆրեդրիքսենը համաձայնելով վերոհիշյալ տեսակետների հետ, հայտարարել է, որ երեխաները պետք է խաղան, այլ ոչ թե նստեն և կատարեն տնային առաջադրանքներ: «Մի՛ չարաշահեք: Տնային առաջադրանքը մարդու իրավունքների խախտում է: Տնային առաջադրանքներով դուք ոտնձգություն եք անում երեխայի ազատ ժամանակի հանդեպ: Դրանք ոչնչացնում են դպրոցական կյանքի և հանգստի միջև եղած տարբերությունը: Դրանք խախտում են երեխայի քունը: Երեխաները պետք է խաղան. կյանքն ավելի կարևոր է, քան տնային առաջադրանքը»:

Սակայն նույն պետություններում կան նաև հակառակը պնդող կարծիքներ: Շատ մասնագետներ պնդում են, որ եթե հրաժարվենք տնային առաջադրանքներից, ապա դա կարտացոլվի սովորողի առաջադիմության վրա: Նշվում է նաև, որ ոչ բոլոր ծնողները կարող են իրենց երեխաների հանգիստը ճիշտ և օգտակար կազմակերպել: Եվ նման դեպքում երեխան հաճախ կարող է իր ազատ ժամանակը անցկացնել վտանգավոր միջավայրում: Կա մեկ այլ կարծիք, ըստ որի կրտսեր տարիքում երեխաները սովորածը կրկնելու կարիք ունեն: Դպրոցից վերադառնալուց հետո մինչև քնելը  սովորողն ունենում է 6 ազատ ժամ, որից  մեկ ժամը կարող է տրամադրել տնային առաջադրանքին: Շատ մանկավարժներ տնային առաջադրանքը համարում են ինքնակրթության լավ միջոց և պնդում են, որ խելամիտ չափաբաժնով և հետաքրքիր կազմված առաջադրանքը որևէ կերպ բացասական չի կարող ազդել սովորողի վրա:

Այսպիսով՝ դիտարկելով բոլոր կողմ և դեմ կարծքները, անհրաժեշտություն է առաջանում գտնել այսպես կոչված ոսկե միջինը: Այստեղ մասնագետների կարծիքը գրեթե համընկնում է. հարկավոր է գտնել տնային առաջադրանքի հանձնարարման և կազմակերպման օպտիմալ տարբերակ: Շատ ուսուցիչներ յուրովի են հասկանում «Կրկնությունը գիտության մայրն է» արտահայտությունը և էջերով, պարագրաֆներով, հատորներով, բազմաթիվ միանման վարժություններով լի առաջադրանքներ են հանձնարարում: Նման դեպքերում փոքր- ինչ ծույլ սովորողները ընդհանրապես որևէ բան չեն անում՝  մեկնաբանելով, որ միևնույն է չեն հասցնելու ամբողջը կատարել: Իսկ պարտաճանաչ սովորողները ստիպված են լինելու մինչև ուշ գիշեր կատարել հանձնարարությունները, իսկ չհասցնելու դեպքում էլ՝ սթրես ապրել:

Գոյություն ունեն նորմեր, ըստ որի 1-3 դասարաններում սովորողը պետք է տնային առաջադրանքների վրա ընդհանուր առմամբ  ծախսի առավելագույնը 1,5 ժամ, 4-5-ում՝ 2 ժամ, 6-8-ում՝2,5, 9-10-ում՝ մինչև 3 ժամ:

Մասնագետների կարծիքով կարելի է նաև առանձնացնել պրոֆիլային առարկաները երկրորդականներից՝ միայն առաջինների դեպքում հանձնարարելով առաջադրանքներ: Հարկավոր է դասարանական աշխատանքը այնպես կազմակերպել, որ որպես տնային աշխատանք հանձնարարվի միայն հետաքրքիր և ստեղծագործական առաջադրանքներ: Պետք է հաշվի առնել նաև սովորողի անհատական ունակությունները: Օրինակ՝ կարելի է մաթեմատիկայից  հանձնարարել 10 վարժություն: Եթե սովորողները չեն կատարում, ապա դրա համար չեն պատժվում, բացասական գնահատական չեն ստանում, սակայն առաջադրանքը կատարողները գնահատվում և խրախուսվում են:

Բոլոր կարծիքների համադրությունը ապացուցում է՝ տնային առաջադրանք պետք է լինի, սակայն լինի ոչ պարտադիր. սովորողն ու ծնողը միասին պետք է որոշեն, թե երեխային որ առարկաներից է հարկավոր առաջադրանքներ ստանալ:

Advertisements
This entry was posted in Մանկավարժական ակումբ. Bookmark the permalink.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

w

Connecting to %s